Հայկական սփյուռքի հնարավորությունները և ազդեցությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական գործընթացների վրա
Ներածություն
Վերջին տասնամյակներում մեծապես աճել է հետաքրքրությունը սփյուռքների ուսումնասիրության նկատմամբ։ Պատճառը միայն այն չէ, որ այդ էթնիկ համայնքներում ապրողների ընդհանուր թիվն աշխարհում շարունակաբար կտրուկ մեծանում է. եթե 1960թ. աշխարհում կար մոտ 75,5 միլիոն մարդ, որ ապրում էր ոչ իր հայրենիքում, ապա 2000թ.՝ 176,6 միլիոն, իսկ 2009թ.՝ 213,9 միլիոն։ 1 Արմատապես փոխվում է նաև սփյուռքների դերակատարությունը։ Մի քանի տասնամյակ է, ինչ սփյուռքների ինքնակազմակերպման գլխավոր խնդրին՝ ազգային ինքնության պահպանմանն ընդունող երկրում, ավելացել են ևս մի քանիսը, որոնք շատ ավելի բարդ են։ Դա հնարավոր է դարձել գլոբալացման գործընթացի կտրուկ արագացման ու ընդլայնման, ինչպես նաև հեռահաղորդակցման տեխնոլոգիաների սրընթաց զարգացման շնորհիվ, ինչը գրեթե վերացրել է տարածության ու ժամանակի որոշիչ ազդեցությունը իրադարձությունների վրա։
Սփյուռքների ուսումնասիրություններն այսօր ծավալվում են ոչ թե երկու երկկողմ (հայրենիք-սփյուռք, սփյուռք-ընդունող երկիր) մոդելների՝ միմյանցից տարանջատված ուսումնասիրությունների, այլ ավելի բարդ ու գրեթե բոլոր ոլորտները ներառող եռակողմ (հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր) մոդելի ուսումնասիրությունների շրջանակում։ Ընդ որում, սովորաբար որևէ ժողովրդի սփյուռքի ուսումնասիրությունը ներառում է մի քանի՝ երբեմն միմյանցից արմատապես տարբերվող, ընդունող երկրներ և դրանցում բնակություն հաստատած նույն ծագումն ունեցող, սակայն միանգամայն տարբեր իրավիճակներում ու պայմաններում հայտնված սփյուռքյան համայնքներ։ Եթե ի նկատի առնվի նաև այն հանգամանքը, որ բազմազան են դարձել նաև ժամանակակից սփյուռքների ձևավորման նախադրյալներն (ոչ միայն ցեղասպանություններ, էթնիկ զտումներ, բռնաճնշումներ, այլև աշխատանքի որոնում, կայսրություններների փլուզումներ և այլն), ապա պարզ կդառնա, որ պահանջվում են բարդ և, հաճախ, միջգիտակարգային ուսումնասիրություններ։
Վերոհիշյալ հանգամանքներից զատ սփյուռքների ուսումնասիրությունը կտրուկ զարգացել է նաև այն պատճառով, որ ներկայումս գրեթե չկան ժողովուրդներ, որոնք սփյուռքներ չունենան։ Իսկ ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք երկրների զարգացման կարևոր գործոնը եղել է սփյուռքների նկատմամբ արդյունավետ քաղաքականությունը, հետևաբար սփյուռքը կարելի է դիտարկել որպես երկրի զարգացման կարևոր ներուժ՝ հարաբերությունների ճիշտ կազմակերպման դեպքում։
Գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։