Մեր մասին
Ով ենք մենք
Armagora-ն ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի ծրագիրն է: Այն Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծված առցանց հարթակ է: Անվանումը ծագում է Հին Հունաստանում հայտնի ἀγορά-ից՝ ժողովրդական ժողովից, որը ծառայում էր որպես քաղաքացիների քննարկումների հավաքատեղի:
Armagora-ում քննարկվում են պատմական այս դժվարին փուլում աշխարհասփյուռ հայությանը հուզող ամենաարդիական հարցերը, ինչպիսիք են անվտանգային ճգնաժամը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, կառավարման որակի բարձրացումը, պետականության պահպանումն ու ամրապնդումը՝ միասին գտնելով լուծումներ ավելի կայուն ապագա կառուցելու համար: Սա պահանջում է խոսել իրար հետ, լսել ու փորձել հասկանալ միմյանց:
Armagora-ում պարբերաբար կտրվեն բլից հարցեր, կծավալվեն զրույցներ ամենատարբեր հարցերի շուրջ՝ խթանելով բովանդակային քննարկումներ:
Մենք հավատում ենք, որ միայն կառուցողական երկխոսությամբ ու միայն միասին կարող ենք գտնել լուծումներ՝ երաշխավորելով ավելի կայուն ու լուսավոր ապագա Հայաստանի և հայության համար:
Armagora-ն ողջունում է առողջ քննարկումները և չի հանդուրժում ատելությունն ու վիրավորանքը:
Մեր առաքելությունը
Կարևորելով գիտական հիմք ունեցող հետազոտությունների և ուսումնասիրությունների վրա հիմնված քննարկումների ու որոշումների կայացման մշակույթը՝ մենք ձգտում ենք՝
- Բարձրացնել համահայկական երկխոսության որակը,
- Լույս սփռել Հայաստանում և Սփյուռքում հայությանը միավորող ճգնաժամերի և մարտահրավերների վրա,
- Վերհանել դրանց նկատմամբ հանրային տրամադրությունները և ձևավորել հայեցակարգեր՝ որպես այդ խնդիրների լուծման արդյունավետ միջոց։
- Փնտրել լուծումներ, արմատավորել իրար հարգելու և այլ կարծիքի հետ համամիտ չլինելով դրա գոյության իրավունքն ընդունելու մշակույթ:
Մեր տեսլականը
Համահայկական կառուցողական երկխոսություն՝ ուղղված Հայաստանի և Սփյուռքի ընդհանուր մարտահրավերների ըմբռնմանը և հաղթահարմանը:
Մեր արժեքները
- Թափանցիկություն. խրախուսել տարբեր տեսակետներ և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ձայները լսելի են և հարգված:
- Հարգանք. խթանել երկխոսություն և փոխադարձ հարգանք հակադիր կարծիք արտահայտողների միջև:
- Ազնվություն. պահպանել անկեղծություն ու բաց լինել քննարկումներում և առցանց շփումներում:
- Ներառականություն. ապահովել, որ քննարկումների բոլոր մասնակցիներն իրենց զգան գնահատված, իրենց կարծիքներն էլ լինեն ողջունելի:
- Կարեկցանք. զարգացնել փոխըմբռնում և հարգանք այլ պատկերացումների ու տեսակետների նկատմամբ:
- Գիտելիքների փոխանակում. նպաստել գաղափարների, տեղեկությունների ու փորձի փոխանակմանը՝ խթանելով գիտելիքի տարածումը:
- Քննադատական մտածողություն. խրախուսել տեղեկությունների նկատմամբ քննադատական վերլուծությունն ու փաստարկված բանավեճը:
- Կառուցողականություն. կենտրոնանալ լուծումներ գտնելու, համագործակցություն խթանելու և կառուցողական երկխոսության վրա:
- Համայնքի ձևավորում. ձևավորել համերաշխություն, խթանել կապեր ու հարաբերություններ հարթակում գրանցված անձանց միջև: