Պատերազմն ու խաղաղությունը փոքր պետությունների միջև մրցակցային բազմաբևեռ դարաշրջանում
Մրցակցային բազմաբևեռության վտանգները փոքր պետությունների համար
Համաշխարհային քաղաքականության մեջ տեղի է ունենում անցում ԱՄՆ գլխավորած հետսառըպատերազմյան հարաբերական կայուն ու կանխատեսելի միաբևեռ աշխարհակարգից դեպի ավելի բարդ ու անկայուն բազմաբևեռ աշխարհակարգի:
Հետսառըպատերազմյան միաբևեռությունից և դրա ժողովրդավարական արժեքների խարսխված լիբերալ աշխարհակարգի անդառնալի անկումը ներկայից միջազգային քաղաքականության մեջ, փոխարինվում է մրցակցային, «ոչ արևմտյան» արժեհամակարգի և նորմերի վրա հիմնված բազմաբևեռ կառուցվածքով աշխարհակարգով։ Այս գլոբոլ գործընթացրի ընթացքում Սառը պատերազմից հետև ձևավորված միջազգային հարաբերությունների կանոններն ու նորմերը ստանում են հակադիր մեկնաբանություններ, ինչն էլ կարող է հանգեցնել տասնամյակներ ձգվող գլոբալ անորոշության և անկայունության շղթայի: Ցնցումներով լի այս «ոչ արևմտյան» դարաշրջանի ի հայտ գալը, որը բացահայտ մարտահրավեր է նետել արևմտյան ազատական աշխարհակարգի նորմերին և արժեհամակարգային ընկալումներին միջազգային հարաբերություններում, ներկայումս արտահայտվում է ուժային քաղաքականության միակողմանի կիրառմամբ և գլոբալ հակադիր դիրքավորումների տեսքով։
Խաղաղության և դիվանագիտության ինստիտուտ – Տարածաշրջանային ուժերը բազմաբևեռ աշխարհում, մարտ 2022թ.
Այդպիսիք են օրինակ․Եվրո–ատլանտյան և եվրոպական ինտեգրացիոն գործընթացները վերջնականապես խաթարելու նպատակով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմով, իր հարակից տարածաշրջաններում Արևմուտքի և արևմտյան դաշնակիցների ազդեցությունը թուլացնելուն ուղղված Չինաստանի ուժային ռազմավարության իրականացմամբ, իր «հակաարևմտյան» խաղի կանոններ հաստատելու հավակնությամբ, Ադրբեջանի ծավալապաշտական պատերազմով ու Հայաստանի և հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությամբ, գազա–իսրայելական պատերազմով և մերձավորարևելյան ուժային կոնֆիգուրավիայի վերադասավորմանը միտված անկայունությամբ, Արևմուտքի նորմատիվ դերակատարությունը և ազդեցությունը բացառող թուրքական և իրանական ռեգիոնալիզմով, բայց ամենակարևորը՝ BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ռուսաստանակենտրոն եվրասիական կազմակերպությունների ու Թյուրքական պետությունների կազակերպության պես «ոչ արևմտյան» գլոբալ ինստիտուտների միջոցով միջազգային հարաբերություններում «ոչ արևմտյան» բազմաբևեռ հակամարտային աշխարհակարգի հաստատմամբ, որը նաև ուղղորդվում է բռնապետությունների և զանազան ոչլիբերալ ռեժիմների գլոբալ կոնսոլիդացիայով ընդդեմ ինստիտուցիոնալ և արժեհամակարգային Արևմուտքի: Այլ կերպ ասած, ներկայից աշխարհը թևակոխում է գլոբալ քաղաքակրթական սուր հակամարտությունների դարաշրժան, որի հետևանքով չի լինելու հետսառըպատերազմյան «մեկ կանոն բոլորի համար» սկզբունքը, այլ արդեն իսկ սկսում են գործել տարբեր խաղի կանոններ տարբեր տարածաշրջաններում։
Մի քանի մեծ տերությունների միջև մրցակցային զարգացումներով բնութագրվող համաշխարհային անորոշության այս նոր դարաշրջանը պարունակում է մեծ վտանգներ փոքր պետությունների համար: Համապատասխան պայմանների պարագայում տարբեր հարևան փոքր պետություններ հնարավորություն են ստանում կիրառել միմյանց նկատմամբ ուժ՝ տարածքներ ձեռք բերելու, միմյանց ենթարկեցնելու և կվազի–ազդեցության գոտի դարձնելու, միմյանց ինքնիշխանությունն ու նույնիսկ գոյությունը հարցականի տակ դնելու նպատակով: Միջազգային հարաբերություններում առկա է մի պարադոքսալ իրավիճակ․ քանի որ միջազգային աշխարհակարգը մեծապես հիմնված է մեծ տերությունների միմյանց միջև ստեղծված ուժային բալանսի պահպան վրա, ինչի խախտումը բերում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխությունների, մեծ տերություններն ավելի զուսպ են ազատորեն կիրառել ուժ՝ իրենց քաղաքական նպատակները կամ ռազմավարական շահերը սպասարկելու համար, ելնելով նաև միջուկային (ոչ կոնվենցիոն) և կոնվենցիոն ուժի փոխադարձ սզպման ճարտարապետության հետևանքով։ Սակայն ի տարբերություն մեծ տերությունների՝ փոքր պետություններն ունեն ավելի քիչ կաշկանդվածություն և ավելի մեծ «մարժա» կիրառելու ուժ հատկապես միմյանց նկատմամբ և մնալ անպատիժ, քանի որ փոքրերի միջև ուժի կիրառումը ոչպես խանոն չի խախտում մեծերի միջև առկա ուժային բալանսը։
Պատմությունը ցույց է տվել, որ փոքր պետություններն իրենց անվտանգությունն ավելի լավ են ապահովել միաբևեռ և երկբևեռ աշխարհակարգերում, երբ հստակ գերիշխող ուժը կամ երկու գերտերությունների միջև առկա ուժային հավասարակշռությունը ձևավորում էր ավելի կանխատեսելի միջավայր: Ի հակադրություն սրան, բազմաբևեռ աշխարհակարգը ստեղծում է շատ ավելի մեծ անորոշություն և անկայունություն, ինչը կարող է սպառնալ փոքր պետությունների անվտանգությանն ու ինքնուրույնությանը, հետևանք դառնալ տարածքային կորուստների՝ առանց մեծ ուշադրության և միջամտության միմյանց միջև հակամարտող «միջազգային հանրության» կողմից:
Պայմանականորեն 1990-2008 թթ. ԱՄՆ գլխավորությամբ միաբևեռ աշխարհակարգում փոքր պետությունների մեծ մասը ստացել էին միջազգային ազատական համակարգից օգտվելու հնարավորություն, համակարգի, որը ենթադրում էր բազմազանության և ժողովրդավարական կանոնների ստանդարտ փաթեթ, տնտեսական ինտեգրացիա և անվտանգային երաշխիքներ, այդ թվում՝ քաղաքական վեճերում ուժի սպառնալիքն ու ուժի կիրառմը բացառող սկզբունք: ԱՄՆ–ն և իր դաշնակիցները հանդես էին գալիս որպես գլոբալ օրակարգ թելադրողներ՝ փոքր երկրներին շնորհելով համեմատաբար անվտանգ միջավայր՝ սպասարկելու և լսելի դարձնելու իրենց ազգային շահերը, չնայած գլոբալիզացիայի բխող տնտեսության, ինքատիպության և ինքնության համար բխող սպառնալիքներին:
Սակայն ԱՄՆ գերիշխող դիրքի սասանմանը զուգահեռ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Իրանի, Պակիստանի և Բրազիլիայի պես ավանդական կամ հառնող տերությունների միջազգային ասպարեզում հանդես գալը ի հակադրություն արևմտակենտրոն աշխարհակարգի, վերջին տասնամյակի ընթացքում վերջնականապես բերեց միաբևեռության անկմանը: Հատկանշական է շեշտել որ վերոնշված երկրները և բազմաթիվ այլ երկրներ ներկայումս ձգտում են հասնել նոր աշխարհակարգում ինքնուրույն օրակարգ սահմանելու իրենց իրավունքը՝ նպատակ ունենալով հաստատել իրենց հավակնություններին համապատասխան առանձին կանոններ իրենց հարակից տարածաշրջաններում: «Ոչ արևմտյան» բազմաբեևեռ աշխարհակարգի ձևավորման ներկայիս փուլը համաշխարհային քաղաքականության մեջ կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ գործելու համաձայնեցված ոչ մի կանոն չլինի ու միջազգային կարևորագույն բազում նորմեր ու արժեքներ դառնան վիճարկելի՝ ապակայունացնելով մեծ բևեռների բախման կիզակետում հայտնվող փոքր պետությունները:
20-րդ դարի երկրորդ կեսի երկբևեռ համակարգը՝ երկու գերտերությունների (ԱՄՆ և ԽՍՀՄ) միջև ազդեցության հստակ բաժանումը, փոքր պետություններին թույլ էր տալիս տեղավորվել երկբևեռ գաղափարական մրցակցության ռազմավարական ծայրամասերում և վարել արտաքին քաղաքականություն՝ դաշինք կազմելով բևեռներից մեկի հետ կամ, եթե բախտը ժպտար, մնալով չեզոք: Երկբևեռությունը նրանց ապահովում էր անվտանգային երաշխիքներով և ռազմավարական աջակցությամբ, ինչը բխում էր միջազգային համակարգի՝ փոխզսպող կառուցվածքից: ԱՄՆ գլխավորությամբ միաբևեռ աշխարհակարգի շրջանում աշխարհաքաղաքական առանցքային դիրք ունեցող փոքր պետությունները կարող էին բարելավել իրենց անվտանգային վիճակը՝ օգտվելով Եվրո–ատլանտյան և եվրոպական համակարգի մեջ լինելուց: Սակայն ծայրամասերում գտնվողներն ավելի խոցելի կարող էին իրենց զգալ, քանի որ չունեին ռազմավարական նույն կարևորությունը: Եվ քանի որ նրանք ավելի մոտ էին գտնվում անդրազգային սպառնալիքների աղբյուրներին՝ ահաբեկչությանը, երկարատև անկայունությանը կամ հետխորհրդային անցումային փուլով պայմանավորված անարդյունավետ պետականաշինությանը, նրանց անվտանգային պայմաններն ավելի խնդրահարույց էին:
Ընդհանուր առմամբ, բազմաբևեռությունը մեծացնում է փոքր պետությունների խոցելիությունը մի քանի գործոնի պատճառով.
- Նախևառաջ, արևմտյան և «ոչ արևմտյան» մի քանի խոշոր տերությունների առճակատումը ստեղծում է ավելի բարդ և հեղհեղուկ միջազգային համակարգ: Դաշինքներն ավելի անկայուն են, և կայունացնող մեկ կամ իրար հետ մրցող երկու ուժի բացակայությունը հանգեցնում է ավելի մեծ անկանխատեսելիության:
- Երկրորդ, բազմաբևեռ համակարգերին հատուկ է ուժերի զգալի անհավասարակշռությունը, ինչն ավելի դժվար է դարձնում զսպումը: Ավելի ուժեղ պետությունները կարող են ճնշել կամ հարձակվել ավելի թույլերի վրա՝ չվախենալով հավասարակշռող կոալիցիայի անհապաղ պատասխանից:
- Երրորդ, բազմաբևեռ դաշինքների հեղհեղուկ բնույթը և ուժերի փոփոխվող հավասարակշռությունը կարող է հանգեցնել այլ պետությունների վճռականության և ներուժի վերաբերյալ սխալ հաշվարկների: Համաշխարհային քաղաքականության բազմաբևեռ կառուցվածքի առճակատվող բնույթը մեծացնում է հակամարտությունների՝ ենթադրվող սահմաններից անդին ծավալվելու վտանգը:
- Չորրորդ, փոքր պետությունների մասնակցությամբ լոկալ հակամարտություններին կարող են ներգրավվել մեծ տերություններ, ինչի հետևանքով այդ հակամարտությունները մեծ հավանականությամբ կարող են վերաճել ավելի լայն առճակատումների: Բազմաբևեռ աշխարհի փոխկապվածությունը նշանակում է, որ տարածաշրջանային անկայունությունը կարող է ունենալ գլոբալ հետևանքներ:
Փոքր պետությունների հանդուրժելի ագրեսիվությունը մրցակցային բազմաբևեռ աշխարհում
Փոքր պետությունները հաճախ բախվում են ոչ թե հեռավոր գերտերություններից, այլ հարևան հավակնոտ պետություններից բխող անվտանգային սպառնալիքներին: Այս իրավիճակը կարող է սրվել մրցակցային բազմաբևեռության պայմաններում: Նման անկայունության պարմանները փոքր պետություններին կարող են դրդել որդեգրել հարձակվողական կանխարգելող ռազմավարություններ իրենց շահերը պաշտպանելու և հնարավոր հակառակորդներին զսպելու համար, քանի որ տարածքի փոքրության, ռազմավարական և օպերատիվ խորության բացակայությունն ու մարդկային ռեսուրսը խելամիտ օգտագործելու անհրաժեշտությունը զուտ պաշտպանական ռազմավարությունները դարձնում են ոչ արդյունավետ՝ երկրի գոյատևման համար։ Չնայած ուժային ռեսուրսների հարաբերական սակավությանը, փոքր պետությունները բազմաբևեռ աշխարհում կարող են լինել հաստատակամ, հավակնոտ և ագրեսիվ, հատկապես որ մեծ տերությունները զբաղված են միմյանց միջև մրցակցությամբ: Ենթադրությունը, թե փոքր պետություններն իրենց էությամբ խաղաղ են և զուտ պաշտպանվողի մշտկան կեզվածքով, մոլորություն է: Պատմությունը վկայում է, որ փոքր պետությունները կարող են լինել նույնքան ագրեսիվ և ծավալապաշտական, որքան մեծ տերությունները, անշուշտ՝ իրենց հնարավորությունների սահմաններում:
Խաղաղության և դիվանագիտության ինստիտուտ – Տարածաշրջանային ուժերը բազմաբևեռ աշխարհում, մարտ 2022թ.
Այս երևույթին նպաստում է մի քանի գործոն.
- Նախ, բազմաբևեռ համակարգում ուժեղ տերությունները կարող են կարգուկանոն հաստատելու կամ փոքր հակամարտություններին միջամտելու ավելի քիչ հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով իրենց իսկ ռազմավարական զբաղվածությունը: Խոշոր դերակատարների ռազմավարական այսօրինակ անհետևողականությունը փոքր պետություններին տալիս է ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություն՝ ավելի քիչ անհանգստանալով պառակտված և միմյանց միջև հակամարտող «միջազգային հանրության» հնարավոր պատժամիջոցներից: Քանի որ հիմնական դերակատարները գտնվում են աշխարհաքաղաքական մրցակցության մեջ, փոքր պետությունների միջև լոկալ պատերազմները, տարածքային ձեռքբերումները մյուսի հաշվին կարող են լինել «հանդուրժելի» տվյալ միջավայրի օրակարգը ձևավորող խաղացողների կողմից։ Ի վերջո, պետք է հիշել, որ փոքր պետությունների կողմից ուժի կիրառումը մեկ այլ փոքր պետության դեմ չի փոխում ուժերի հավասարակշռությունը մեծ տերությունների միջև, որոնք նման բազմաբևեռ միջավայրում զբաղված են աշխարհաքաղաքական ավելի նշանակալի իրադարձություններով:
- Երկրորդ, փոքր պետությունները կարող են ունենալ տարածաշրջանային հավակնություններ՝ ձգտելով ինքնահաստատվել որպես տեղական օրակարգ սահմանողներ կամ որևէ մեկի գերակայությունն ընդունող իր միջավայրում կարգ հաստատողներ՝ մեծ բևեռների համար մեծացնելով իրենց ռազմավարական արժեքը: Այս իրավիճակը նույնպես կարող է հանգեցնել հարևան փոքր պետությունների միջև հակամարտությունների, քանի որ նրանք կփորձեն ընդլայնել իրենց ազդեցությունը և պարտադրել ուժային նոր դերաբաշխում տարածաշրջանային նոր խաղաղության իրենց պայմանների շրջանակում:
- Երրորդ, բազմաբևեռությունը փոքր պետություններին տալիս է ad hoc դաշնակիցներ ընտրելու ճկունություն և բազմակենտրոնության «անարխիկ» պայմաններից օգտվելու համար դիվանագիտորեն մանևրելու հնարավորություն ուժ կուտակելու և այն մրցակցի դեմ կիրառելու համար: Բացի այդ, խելամիտ և հմուտ հաշվարկի պարագայում փոքր պետությունները կարող են խուսափել խոշոր տերությունների առճակատման մասը դառնալուց՝ ստանալով մրցակցող բևեռների աջակցությունը կամ հասնելով նրանց չեզոքությանը և միաժամանակ իրականացնելով իրենց ագրեսիվ գործողությունները հակառակորդ փոքր պետության նկատմամբ՝ ձգտելով վերջինիս մեկուսացմանը և պարտությանը:
Ելնելով միջազգային իրավունքի կանոնների տարբեր ինտերպրիտացիայի, միասնական խաղի կանոնների բացակայության և նոր աշխարհակարգի անորոշ չափանիշներից՝ միջազգային քաղաքականության բազմաբևեռ աններդաշնակ կառուցվածքը կարող է հանդուրժել փոքր պետությունների կողմից ուժի կիրառումը տարածաշրջանային տարբեր միջավայրերում, որտեղ ուժի կիրառումը կամ ուժային խաղը տարածաշրջանային նորմերի ու աշխարհաքաղաքականության էնդեմիկ մաս է: Ավելին, մեծ կամ միջին տերությունները կարող են հանդուրժել կամ նույնիսկ աջակցել փոքր պետությունների գործողություններին, եթե դրանք ձեռնտու են իրենց ռազմավարական շահերին, կամ եթե փոքր պետության ագրեսիան մյուսի նկատմամբ չի առաջացնում այնպիսի իրավիճակ, որը խաթարում է նրանց շահերը բազմաբևեռ մրցակցության համատեքստում: Օրինակ, խոշոր տերությունը կարող է աջակցել փոքր պետության ագրեսիային, եթե այն խաթարում է մրցակցի ազդեցությունը տարածաշրջանում:
Եզրակացություն
Արևմտակենտրոն հետսառըպատերազմյան միաբևեռությունից դեպի «ոչ արևմտյան» մրցակցային բազմաբևեռ աշխարհակարգի ներկայից անցումային փուլը փոքր պետությունների համար լի է մարտահրավերներով և հնարավորություններով: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք դուրս են եվրոպական համակարգից: Բազմաբևեռության անկայունությունն ու անկանխատեսելիությունը մեծացնում են այս պետությունների ռիսկերը, քանի որ միասնական կանոնների բացակայությունը տարածաշրջանային հակամարտությունների և իշխանության համար պայքարի մեջ նրանց դարձնում է ավելի խոցելի: Այնուամենայնիվ, մեկ գերիշխող ուժի բացակայությունը փոքր պետություններին նաև ընձեռում է ավելի մեծ ինքնավարություն և իրենց շահերն ավելի ագրեսիվ ձևով պաշտպանելու կամ առաջ մղելու հնարավորություն։ Սա նրանց թույլ է տալիս «լրացնել վակուումը»՝ դիրքավորվելով որպես կարգ հաստատողներ իրենց անմիջական միջավայրում, պայմանով, որ նրանք ընտրեն ճիշտ ժամանակացույց, հետևողականորեն կուտակեն ուժ, ճշգրիտ գնահատեն իրենց հնարավորությունները և պոտենցիալ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ ձևով բանակցեն տարածաշրջանային կարգի վերաբերյալ սեփական տեսլականն առաջ մղելու համար։
Հակառակ տարածված ընկալման, թե փոքր պետություններն ի սկզբանե խաղաղ են, նրանք կարող են լինել նույնքան հավակնոտ և ագրեսիվ, որքան իրենց ավելի մեծ գործընկերները՝ օգտագործելով բազմաբևեռության հեղհեղուկ վիճակը ուժի վրա հիմնված քաղաքականություն վարելու և տարածաշրջանային նկրտումները կյանքի կոչելու համար: Այսպիսով, պառակտված «միջազգային հանրությունը» գտնվում է խորքային վերաձևակերպման բարդ փուլում: Այս իրավիճակում, փոքրերի միջև պատերազմները, միմյանցից տարածք նվաճելը, սուվերենության սահմանափակելն ու կվազի–ազդեցության գոտի դարձնելը ոչ միայն կարող է չպատժվել, այլ նույնիսկ մնալ աննկատ գլոբալ քաղաքակրթական հակամարտության պարագայում։ Խոշոր տերությունները հաճախ չափազանց զբաղված են իրենց մրցակցությամբ փոքր պետությունների հակամարտություններին վճռականորեն միջամտելու համար: Նման հանգամանքը նվազեցնում է հակառակորդի դեմ ուժ կիրառած և հարձակվողական արշավ ձեռնարկած փոքր պետության դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը: Երկրորդ, փոքր պետությունների միջև վեճերը սովորաբար սահմանափակ ազդեցություն են ունենում հիմնական դերակատարների միջև եղած ուժային ընդհանուր հավասարակշռության վրա: Սրա հետևանքով այս հակամարտությունները գրավում են ավելի քիչ ուշադրություն և հանգեցնում են ավելի սահմանափակ միջամտության, հատկապես եթե տվյալ մեծ դերակատարը աշխարհագրորեն հեռու է այն տարածաշրջանից, որտեղ տեղի են ունենում ռազմաքաղաքական բախումներ, կամ եթե տվյալ տարածաշրջանը դուրս է խոշոր բևեռների մրցակցության գլխավոր բեմահարթակներից:
Գրականություն
Acharya, A., 2011. Norm Subsidiarity and Regional Orders: Sovereignty, Regionalism, and Rule-Making in the Third World. International Studies Quarterly, vol 55, p. 95–123.
Acharya, A., 2018. The End of American World Order. 2 ed. Cambridge: Polity.
Buzan, B., 2018. Polarity. В: P. Williams & M. Mcdonald, ред. Security Studies: an Introduction. 3 ed. London: Routledge, pp. 155-170.
Buzan, B. & Wæver, O., 2003. Regions and powers: The structure of international security. 1 ed. Cambridge: Cambridge University Press.
Handel, M., 1990. Weak States in the International System. 2nd ed. London: Frank Cass Press.
Kassab, H. S., 2015. Weak States in International Relations Theory: The Cases of Armenia, St. Kitts and Nevis, Lebanon, and Cambodia. 1 ed. New York: Palgrave Macmillan.
Mearsheimer, J., 2019. Bound to Fail: The Rise and Fall of the Liberal International Order. International Security, 43(4), p. 7–50.
Mearsheimer, J. J., 1998. Back to the Future: Instability in Europe after the Cold War. В: Theories of War and Peace. London: The MIT Press, pp. 3-54.
Pedi, R. & Wivel, A., 2022. What Future for Small States After Unipolarity? Strategic Opportunities and Challenges in the Post-American World Order. В: N. Græger, B. Heurlin, O. Wæver & A. Wivel, ed. Polarity in International Relations: Past, Present, Future. Cham, Switzerland: Palgrave Macmillan, pp. 127-148.
Rickli, J.-M., 2008. European Small States’ Military Policies after the Cold War: From Territorial to Niche Strategies. Cambridge Review of International Affairs, 21(3), pp. 307-325.
Rothstein, R. L., 1968. Alliances and Small Powers. London-New York: Columbia University Press.
Vital, D., 1971. The Survival of Small States: Studies in Small Power/Great Power Conflict. London: Oxford University Press.
Wallace, M., 1973. War and Rank Among Nations. Lexington, Mass.: Lexington Books.
Wivel, A., 2023. Small States and the War in Ukraine. Transatlantic Policy Quarterly, 21(4), pp. 87-93.
Wohlforth, W. C., 1999. The Stability of a Unipolar World. International Security, 24(1), pp. 5-41.