Հոդվածի հեղինակ
Էդուարդ Աբրահամյան
2024
Թեմա. Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Փոքր պետությունների ռազմավարություններն ըստ իսրայելական պետական գործիչ և պրոֆեսոր Դեյվիդ Վայթլի

Ըստ Թել Ավիվի Համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր և իսրայելական պետական գործիչ Դեյվիդ Վայթլի (1927-2023), Եվրոպական համակարգից դուրս գտնվող փոքր պետություններն ունենում են երեք հիմնական արտաքին քաղաքական ռազմավարական դիրքավորում։ Եվ էական չէ, թե պաշտոնապես ինչպիսին է այն հայտարարված։ Կարևորն այն է, թե գիտական ու փորձագիտական համայնքն իրենց հետազոտության արդյունքում ինչպես է այն բնութագրում և դասակարգում։  

Վայթլը նախ չափման և վերլուծության տեսական գործիքի է վերածում փոքր պետության տնտեսական և ռազմական, մարդկային և նյութական ռեսուրսների ընդհանուր ազգային ֆոնդը, որի նկատմամբ պետությունն ունի բացարձակ և անմիջական վերահսկողություն՝ կոնցեպտուալիզացնելով այն որպես անվտանգ բազա (safe base): Այն դեպքերում, երբ անվտանգ բազան փոքր է և թերզարգացած, կամ անարդյունավետ կամ անվստահելի, արտաքին գործոնների ազդեցությունը տվյալ պետության վարքագծի վրա առավել սահմանափակումներ են առաջացնում: Ըստ նրա, անվտանգ բազայի արդյունավետ կիրառումը, ռեսուրսների, ուժի և հնարավորությունների կուտակման կարողությունը պետության կողմից ստորև ներկայացված ռազմավարությունների միջև ընտրության ցուցիչ են։  

ԱՌԱՋԻՆ․ Պասիվ ռազմավարություն

Այն ենթադրում է ակնհայտ կամ քողարկված ձևաչափով (ձևական ակտիվ) արտաքին աշխարհում յուր ազատ ընտրության իրավունքը, ազգային/պետական ռազմավարական շահերը պաշտպանելու քաղաքականությունից հրաժարվելը։ Պասիվ ռազմավարության պարագայում արտաքին շահերի բախման հետևանքով կոնֆլիկտային իրավիճակում դիմադրելու հնարավորությունը դադարում է լինել տվյալ երկրի քաղաքական ընտրանու և հանրության մեծամասնության մտահոգության պատճառ՝ արտաքին կոնֆլիկտային իրավիճակի բացասական կանխատեսման կամ էլ ընտրանի-հանրության կողմից ազգային/պետական ինքնիշխանության ներուժի հնարավոր (անվտանգ բազա) ձևավորման վերաբերյալ հավատքի բացակայության հետևանքով։ Ներքին դիսկուրսում, այն հիմնավորվում է նրանով որ սոցիալական և տնտեսական ջանքի գինն այդ ներքին ներուժի ստեղծման համար չափազանց մեծ և այլ սոցիալական կարիքների հետ միասին անհամադրելի է։ Պասիվ քաղաքականությունը արտաքին խաղացող լինելու ինքնակամ հրաժարումն է՝ յուր պետական շահերը արտաքին աշխարհում չհետապնդելու ինքնակամ հրաժարման քաղաքականությունը։ Այն ենթադրում է քաղաքական ընտրանու և/կամ հանրության հարմարվողականությանն այն համոզմունքին կամ ենթադրությանը, որ երկիրը կենսունակ չէ հանդես գալ և գործել որպես անկախ միջազգային միավոր գլոբալ քաղաքականության մեջ։  

ԵՐԿՐՈՐԴ․ Ակտիվ ռազմավարություն 

Ակտիվ ռազմավարությունը միտված է փոխելու փոքր պետության արտաքին (անվտանգային-քաղաքական) միջավայրը հօգուտ իրեն և իր ազգային/պետական ռազմավարական շահերի բավարարման՝ օպոնենտ պետության (կամ արտաքին մրցակցի) ռազմավարական շահերի և առավելության հաշվին։ Այս ռազմավարությունը ենթադրում է երեք հիմնական առաջնահերթություն 

  1. Տվյալ փոքր պետության և օպոնենտ մրցակից հանդիսացող պետության ուժային անհամաչափության մակարդակի նվազեցում; կամ 
  2. Արտաքին քաղաքական ընտրության հնարավորության սահմանների ընդլայնում՝ բազմազանեցնելով պետության գլոբալ քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունները, և կամ՝ 
  3. Տվյալ փոքր պետության մարդկային, տնտեսական, ռազմական, գիտա-հետազոտական և ռազմական ընդհանուր ռեսուրսների ավելացում և բազմազանեցում ՝ ներքին ազգային ներուժը արտաքին աղբյուրից մեծացնելու և կուտակելու միջոցով։ 

Չնայած որ սկզբնական շրջանում Ակտիվ ռազմավարության որդեգրման արտաքին շառավիղն ու հետևողական կիրառման շրջանակները փոքր են լինում՝ այն կարող է աստիճանաբար լայնեցվել՝ ներքին ներուժի (անվտանգ բազայի) նյութական ու որակական ընդլայնման հետևանքով։ 

ԵՐՐՈՐԴ․Պաշտպանողական ռազմավարություն 

Վերջինիս առանցքային նպատակն է պահպանել ունեցած հնարավորությունների և նախկինում ձեռք բերված առավելությունների և կամ դիրքի ստատուս քվոն (status quo)` հենվելով ազգային ներուժի ներքին ներաճի վրա.  

Կարճաժամկետ հեռանկարում (5-7 տարի) այս ռազմավարությունը՝ հատկապես նորաստեղծ փոքր պետության համար առավել կիրառական և իրատեսական է թվում, ինչպես նաև համեմատաբար անվտանգ։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում (25-30 տարի), հաշվի առնելով համաշխարհային տնտեսական և ռազմա-քաղաքական դիմանիկան ինչպես նաև փոքր պետության համար այս ոլորտների հետ կապված մարտահրավերներն ու ռիսկերը՝ ազգային-պետական ներուժի միայն ներքին ռեսուրսով պայմանավորած աճի տեմպերի ոչ բավարար լինելու համատեքստում դարձնում են Պաշտպանողական ռազմավարությունը ոչ բավարար և քիչ խոստումնալից՝ ապագայում հնարավոր մարտահրավերներին ադեկվատ դիմակայելու համար։ 

Ըստ Վայթլի, վերոնշյալ ռազմավարությունների ընտրությունը մասամբ կախված է օբյեկտիվ գործոններից. առաջին հերթին՝ արտաքին, միջազգային միջավայրից. և երկրորդ՝ պետության մարդկային, տնտեսական, նյութական և ոչ նյութական ռեսուրսներն արդյունավետ կառավարելու պետության ինստիտուցիոնալ կարողությունից, ինչպես նաև առաջնորդների՝ քաղաքական ընտրանու և հանրության հասունության ու ռազմավարական նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ռազմավարական պլանավորում իրականացնելու և հետևելու ունակությունից: Այստեղ էական նշանակություն ունի տվյալ փոքր պետության հանրության բնույթը, արժեքներ ձևավորելու և կարևորելու ունակությունը, վերջինիս արժեհամակարգն ու որակները։ Վայթլը այն նաև համադրում է փոքր պետության ազգային առաջնորդների բնավորության, կրթության ու մարդկային որակների, ինչպես նաև սեփական և ազգային-պետական հավակնություննեը զգալու ու ընկալելու կարողության հետ, նույնիսկ թե ինչպիսին է պետության ապագայի նկատմամբ քաղաքական ընտրանու վերաբերմունքն ու այն տարբեր սցենարների պարագայում կանխատեսելու ինտելեկտուալ, մասնագիտական կարողությունները։ 

Վայթլը եզրակացնում է, որ փոքր պետության հանրության որակները, քաղաքական հասունությունը, հավաքական ոգին ու արժեհամակարգը (ethos) մեծապես որոշիչ են արդյոք տվյալ պետությունը ունակ է ստեղծել, պահպանել և զարգացնել ազգային ներուժ, ինչ ռազմավարական նպատակներին հասնելու համար, որքան ժամանակահատվածում, և ընտրված ինչպիսի արտաքին քաղաքական ռազմավարության միջոցով։  


Գրականություն

David Vital (1967), The Inequality of States։ A Study of the Small Power in International relations, Oxford University Press. 

David Vital (1971), The Survival of Small States: Studies in Small Power/Great Power Conflict, Oxford University Press. 


Պատրաստեց միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը (Լոնդոն)  

Հոդվածի հեղինակ 2024
Էդուարդ Աբրահամյան
Թեմա.Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Վերջին զրույցները

Armagora

Հայաստան-Սփյուռք. առանցքային հիմնախնդիրներ

0 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Armagora

5 հարց առողջապահության վերաբերյալ

0 մեկնաբանություն

Առողջապահություն և ժողովրդագրություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Էրիկ Շահնազարյան

Հայկական ինքնության առանձնահատկությունները

0 մեկնաբանություն
1 հավանում

Մշակույթ և ինքնություն

Ashot Voskanyan

Ողջույն, ես փիլիսոփա, դիվանագետ Աշոտ Ոսկանյանն եմ:

22 մեկնաբանություն
1 հավանում

Հայաստան

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Հասարակություն

Hrachya Bakunts

Հայ-ռուսական հարաբերություններ

1 մեկնաբանություն

Հայաստան