Հայրենիք-Սփյուռք առնչությունները 21-րդ դարասկզբին (2001- 2017 թթ.)
Ներածություն
1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզումը և Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումը նոր որակ ու փուլ սկզբնավորեցին Հայաստան-Սփյուռք առնչություններում, որոնք ընդգրկեցին կյանքի բոլոր ոլորտները՝ հասարակական, քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական: Հայրենիք-Սփյուռք հարաբերություների նշված շրջափուլն ընդգրկում է Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը՝ 1991 թվականից մինչև մեր օրերը: Ինչպես այլ ուսումնասիրողներ, մենք ևս Հայաստանի երրորդ հանրապետության շրջանի հայրենիք-Սփյուռք հարաբերությունները բաժանում են երեք շրջափուլերի: Առաջին շրջափուլը, որն ընդգրկում է 1991-1998 թվականները, պայմանականորեն կարելի է համարել նորովի հարաբերությունների ձևավորման շրջան, երկրորդ շրջափուլը, որը սկսվում է 2008 թվականից և հասնում մինչև մեր օրերը, անվանվում է համապարփակ հարաբերությունների ձևավորման շրջան1 : Առաջին շրջանում Հայաստանի քաղաքական անկախության վերականգնումը նոր թափ հաղորդեց արդեն իսկ 1988 թվականից սկսած ավերիչ երկրաշարժով և Արցախյան շարժման զարթոնքով պայմանավորված հայրենիք-Սփյուռք սերտացող հարաբերություններին, երբ Սփյուռքի առաջ բացվեցին հայրենի պետության փակ դռները: Նախորդ ժամանակաշրջանի համար այս շրջափուլում Սփյուռքի և հայրենիքի միջև, ըստ էության հաստատվեցին սահմանափակումներից զերծ ազատ հարաբերություններ: Հայաստանի քաղաքական անկախության վերականգնմանը հաջորդած առաջին տարիներին, Արցախյան պատերազմով և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով պայմանավորված դժվարին պայմաններից դրդված, հարյուր հազարավոր հայեր, արտագաղթելով հայրենի երկրից, ավելի ստվարացրին արտերկրում ապրող սփյուռքահայության թվաքանակը: Սփյուռքում իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ 1990-ական թթ. երբեմնի դասական հայկական համայնքները համալրվեցին 1988 թ. Սպիտակի երկրաշարժից և Ադրբեջանում 1988-1990 թթ. ու Սումգայիթից և Բաքվի հրեշավոր վայրագություններից, Հայոց ցեղասպանությունից հետո արտերկրում հաստատված, ինչպես նաև Հայաստանից արտագաղթած հայերով, որոնք զգալի աշխուժություն մտցրին սփյուռքահայերի կյանքում: Մյուս կողմից 1990-ական թթ. սկզբներին սփյուռքահայությունը, որը յոթանասուն տարի շարունակ փափագել էր իր երազած ազատ ու անկախ Հայաստանի գաղափարը, հնարավորություն ունենալով ազատորեն գալու հայրենիք, բախվեց ժամանակի դաժան իրողությանը: Հայտնի է, որ 1990-ական թթ. սկզբներին դժվարին փուլ էր հայոց նորանկախ երկրի համար, քանի որ փլուզվել էին երկրի պետական, քաղաքական համակարգերը, չկային բիզնես ներդրումների համար անհրաժեշտ միջավայր, շուկայական տնտեսությանը համապատասխանող օրենքներ, բանկային, հարկային և մաքսային համակարգեր, որոնք աստիճանաբար էին ստեղծվում: Երկիրը գտնվում էր տնտեսական, հատկապես էներգետիկ խոր ճգնաժամի մեջ. տարածքի 40 %-ը երկրաշարժից հետո ավերվել էր, կես միլիոն մարդ մնացել էր անօթևան՝ զրկվելով նաև ունեցվածքից, Ադրբեջանից գաղթած շուրջ 450 հազարի հասնող ահաբեկված փախստականներ հասել էին Հայաստան, որն ի վիճակի չէր ամբողջությամբ լուծել նրանց հիմնախնդիրները: Այս ամենից բացի՝ Լեռնային Ղարաբաղի պարտադրված պատերազմը Ադրբեջանի կողմից վտանգել էր մեր ժողովրդի արցախյան հատվածի անվտանգությունը: Ահա այս ծանր իրավիճակում Սփյուռքը հիասթափվելու առիթներ ունեցավ, սակայն հայրենիքին աջակցելու համար միավորվեց, և այդ օգնությունը չուշացավ: Առաջին գործող կուսակցությունը, որը ստեղծվեց 1992 թ. և գործում է առ այսօր, «Հայաստան» համահայկական հիմնադրամն է: Հիմնադրամի միջոցով միլիոնավոր դոլարների ֆինանսական օգնություն ցուցաբերվեց հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչն էլ նպաստեց հայրենաշինության կարևոր գործին, և համահայկական միջոցներով լուծվեցին կենսական նշանակության մի շարք խնդիրներ:
Գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։