Armagora Logo

Click here for English


Քանի դեռ բոլորն ամփոփում են ամառը՝ մենք ամփոփում ենք համահայկական առցանց քննարկումների մեր նոր հարթակի՝ Armagora-ի առաջին ամսվա արդյունքները: Հարթակը գործարկվեց օգոստոսի 1-ին՝ ունենալով իրար հետ խոսելու, իրար լսելու, հայության միտքը կենտրոնացնելու և միասին լուծումներ փնտրելու նպատակ։


Armagora.am կայքն ունի 3 հիմնական բաժին՝ շաբաթվա բլից հարցումներ, զրույցներ և ամենատարբեր ոլորտները ներկայացնող փորձագետների հոդվածներ:


Սկսենք առանցքային թվերից: Մեկ ամսում մենք ունեցանք`
• 6500 այցելու
• 31 երկրից

Այցելուների թվով առաջին եռյակում են Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

ՇԱԲԱԹՎԱ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ


Այս ամիս կայքի այցելուները քննարկեցին հետևյալ բլից հարցերը՝
«Սփյուռքը պե՞տք է ներկայացված լինի ՀՀ ԱԺ-ում». Քվեարկությանը մասնակցեց 748 մարդ, և կեսից ավելին կողմ արտահայտվեց այս գաղափարին:


Սփյուռքը պե՞տք է ներկայացված լինի ՀՀ ԱԺ-ում
01.08.2024

Երկրորդ հարցը որ քննարկել ենք հարթակում՝ «Ինչպե՞ս կգնահատեք մինչև այժմ Հայաստանի և Սփյուռքի միջև հաստատված համագործակցությունն ազգային խնդիրների լուծման շուրջ»: Այստեղ մասնակիցների զգալի մեծամասնությունը տվեց բացասական գնահատական:


Ինչպե՞ս կգնահատեք մինչև այժմ Հայաստանի և Սփյուռքի միջև հաստատված համագործակցությունն ազգային խնդիրների լուծման շուրջ:
08.08.2024

3. Երրորդ հարցի դեպքում մասնակիցներն ունեցան ոչ միայն երեք հաստատուն տարբերակներից մեկն ընտրելու, այլև սեփական պատասխանը ձևակերպելու հնարավորություն: 17 տոկոսն այդպես էլ վարվեց: Հնչեցին կարծիքներ, ըստ որի օրինակ, Սփյուռքն ու Հայաստանն ունեն տարբեր շահեր և չունեն գործնական ներգրավվածություն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմներ և այլն:


Որո՞նք են Հայաստանի և Սփյուռքի արդյունավետ համագործակցության հիմնական խոչընդոտները:
15.08.2024

ԶՐՈՒՅՑՆԵՐ


Կայքի ամենաբուռն զարգացող բաժինը Զրույցներն են: Այստեղ ամենատարբեր թեմաներով արդեն նախաձեռնվել են մի քանի տասնյակ քննարկումներ:


Ամենաակտիվը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և անվտանգության թեմաներով քննարկումներն են, որոնց կարող եք հետևել և միանալ:


Ամսվա 3 ամենաակտիվ զրույցների թեմաներն են՝


Ազգային նոր գաղափարախոսության մշակման անհրաժեշտությունը (Վլադիմիր Մարտիրոսյան)


Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ապագան (Դավիթ Աքելյան)


ԱՄՆ սպասվող ընտրություններում թեկնածուներից մեր ակնկալիքները (Արամ Համբարյան)

ՀՈԴՎԱԾՆԵՐ


Եվ իհարկե Հոդվածներ բաժինը, որտեղ կարող եք ծանոթանալ փորձագիտական հետազոտությունների հետ՝ նվիրված ամենատարբեր թեմաներին: Այս բաժնում կան բացառիկ ուսումնասիրություններ, որոնք լույս են սփռում մեր երկրի և ժողովրդի անվտանգության, ողջամիտ կառավարման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ապագայի, առողջապահության, կրթության և բազում այլ հարցերի վրա:


Ամսվա 3 ամենաընթերցված հոդվածները՝


Պատերազմն ու խաղաղությունը փոքր պետությունների միջև մրցակցային բազմաբևեռ դարաշրջանում


Հոդվածի հեղինակը Միջազգային հարաբերությունների դոկտոր (Լոնդոն) Էդուարդ Աբրահամյանն է: Այս վերլուծությունը ներկայացնում է մեր օրերում տեղի ունեցող գլոբալ ցնցումների անատոմիան՝ բացատրելով, թե ինչպես է փոխվում աշխարհակարգը և ինչ պետք է անեն փոքր պետությունները ոտքի տակ ընկնելու փոխարեն այս իրավիճակից դեռ մի բան էլ շահած դուրս գալու համար (սփոյլեր՝ մեզ ոչ ոք չի փրկելու, և մեզնից իսկապես շատ բան է կախված):


Արդյո՞ք Հայաստանում փախստականների ճգնաժամը կարող է դառնալ առողջապահական համակարգի բարեփոխման խթան (Անգլերեն)


Այս ուշագրավ հետազոտության հեղինակները նշանավոր մասնագետներ են՝ Քրիստոֆեր Մարկոսյանը, Կիմ Հեքիմյանը, Քենթ Գարբերը, Արա Դարզին և Շանթ Շեխերդիմյանը: Վերնագիրն ամեն ինչ ասում է, մանրամասները՝ հոդվածում:


Փոքր պետությունների ռազմավարություններն ըստ իսրայելական պետական գործիչ և պրոֆեսոր Դեյվիդ Վայթլի


Սա էլ Էդուարդ Աբրահամյանի հեղինակությամբ երրորդ ամենաընթերցված հոդվածն է, որն այս անգամ անդրադառնում է մեծ աշխարհում փոքր պետությունների տեղին, դերին ու հնարավոր ռազմավարություններին։


Իհարկե այսքանով չենք սահմանափակվում, և Armagora.am հարթակը սեպտեմբերից հանդես կգա քննարկումները խթանող նոր նախաձեռնություններով: Միանալու են տարբեր ոլորտների ականավոր ներկայացուցիչներ և պատասխանելու են օգտատերերի հարցերին: Յուրաքանչյուր ոք կկարողանա հարցեր ուղղել նրանց Armagora հարթակի Զրույցներ բաժնի համապատասխան հատվածում, պատասխաններն էլ կտրվեն և՛ նույն տեղում, և՛ ուղիղ եթերում:

Քննարկումների խթանմանը միտված Armagora.am հարթակն ունի մեկ նպատակ. մեկտեղելով ամբողջ հայության միտքը՝ փորձել միասին գտնել լուծումներ այսօրվա և վաղվա համար:


Միացե՛ք բովանդակային զրույցներին, որոնց արդեն մասնակցում են հարյուրավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներից, կիսվեք Ձեր մտքերով և փորձով՝ միանալով ավելի լավ ապագա կառուցելու մեր ջանքերին:


Armagora
Արի՛ խոսենք:

Զրույցներ
Բլից հարցեր
Հոդվածներ